Ի՞նչ է ակնեն, որո՞նք են դրա առաջացման պատճառները և բուժման տարբերակները․ այս մասին պատմեց մաշկաբան-պոդոլոգ Անուշ Գոմցյանն ամենշաբաթյա «Հարց տուր բժշկին» ուղիղ միացման ընթացքում:
Մաշկն իր զանգվածով և մակերեսով մարդու ամենամեծ օրգանն է համարվում։ Այն կատարում է մի շարք կարևոր գործառույթներ՝ պաշտպանիչ, նյութափոխանակային, ջերմակարգավորիչ, ռեցեպտորային և այլն․․․ Որպեսզի հնարավոր լինի հստակ պատկերացում կազմել ակնեի առաջացման պատճառների մասին, հարկավոր է պատկերացնել նաև մաշկի կառուցվածքն ու գործառույթները․ ավելի մանրամասն՝ ստորև։
Ակնեի վերահսկման նպատակով խորհուրդ է տրվում հետևել հիգիենայի կանոններին, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, եթե այս պաթոլոգիային հակվածություն կա: Անհրաժեշտ է նորմալացնել մարմնի քաշը, խելամիտ սնվել, բացառել ալերգիա առաջացնող մթերքը, սպորտով զբաղվել, բալանսավորել հորմոնալ ֆոնը: Կարևոր է նաև կոսմետիկ խնդիրների առկայության դեպքում ընտրել ճիշտ խնամքի միջոցներ, ինչն ավելի լավ է անել բժիշկ-մաշկաբանի օգնությամբ:
Ակնեի բուժումը բաղկացած է համալիր թերապիայից, որն ուղղված է առաջին հերթին բորբոքային օջախների պատճառների վերացմանը, ճարպարտադրության նորմալացմանը և հիվանդության կրկնության ռիսկի նվազեցմանը:
Յուրաքանչյուր դեպքում ընտրվում է բուժման անհատական թերապիա՝ ելնելով ինչպես հետազոտության արդյունքներից, մաշկի տեսակից, այնպես էլ՝ ապրելակերպից և հիվանդությունը հրահրող գործոններից։ Բացի այդ, բուժման գործընթացն ըստ անհրաժեշտության կարող է ներգրավել նաև այլ մասնագետների՝ գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի և այլն:
Մեթոդներ, որոնք օգտագործվում են ակնեի բուժման գործընթացում՝
- Դեղորայքային՝ տեղային և համակարգային
- Սարքավորումային ՝ լազերային թերապիա՝ 1450նմ երկարության լազերային ճառագայթի օգտագործմամբ, RF կոտորակային ասեղների կիրառմամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համակցված լուծումներ՝ ընդհուպ միչև ճարպագեզձերի դեստրուկցիա։
- Դեմքի խնամք՝ անհատական ընտրված պիլինգներ, մաշկի մաքրման տարբեր տեսակներ, մաշկի խնամքի ընթացակարգեր
- Ներարկումային՝ պլազմոթերապիա
Եթե խնամքի ընդհանուր միջոցները չեն օգնում ազատվել ակնեից, պետք է դիմել բժիշկ-մաշկաբանի: Մաշկաբանը կարող է նշանակել դեղամիջոցներ, սահմանել խնամքի հատուկ ընթացակարգ: Ինքնաբուժությունը, որպես կանոն, բերում է ակնեի ավելի բարդացմանը և սպիների առաջացման հավանականության բարձրացմանը։