«Առաջ հաշմանդամություն ունեցող անձ տեսնելիս «շոկահարվում էին», «թու թու թու» էին ասում»․ պարածանրամարտի Հայաստանի չեմպիոն Արև Մելքոնյան

21 Փետրվարի, 2024 0
408843183_762195229285484_2513353454673497928_n.jpg

«Առաջ հաշմանդամություն ունեցող անձ տեսնելիս «շոկահարվում էին», «թու թու թու» էին ասում, իսկ հիմա այլ է»,- «Պլանտա Սանա»-ի հետ զրույցում հիշում է պարածանրամարտի Հայաստանի չեմպիոն, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արև Մելքոնյանը` պատմելով նաև կյանքի տարբեր բնագավառներում հանդիպող բազմաթիվ խնդիրների, խոչընդոտների և դրանց հաղթահարման դժվար ճանապարհների մասին:

Ե՞րբ եմ գիտակցել հաշմանդամություն ունենալու փաստը:

Ամենափոքր, գիտակցական տարիքում էի, երբ հասկացա՝ չեմ կարողանում անել նույն գործողությունները, ինչ քույրիկներս: Շատ ծանր հոգեբանական փուլեր չեմ ունեցել, որովհետև և՛ իմ ծնողները, և՛ իմ քույրիկներն ապահովել են հավասար միջավայր ինձ համար:
Տարիքային չարություն անելու և էներգիաս ծախսելու հնարավորություն չեմ ունեցել: Չորս տարեկանից տատիկիս հետ սովորել եմ տառերն ու սկսել եմ կարդալ: Կարդացածս առաջին գիրքը «Սասնա Ծռեր» էպոսն է եղել:

Ի՞նչ կարծրատիպերի եմ բախվել:

Դեռ դպրոցում ուսուցիչներս ցանկանում էին, որ ես տնային ուսուցում ստանամ, բայց իմ ծնողները որոշեցին, որ ես մնացածին հավասար պետք է հաճախեմ դպրոց:

Խտրականության ու կարծրատիպային վերաբերմունքի բախվել եմ, բայց սովորելու և միջավայր դուրս գալու ցանկությունս ավելի մեծ է եղել, կարողացել եմ հաղթահարել:

Համալսարանում կրկին բախվել եմ կարծրատիպային վերաբերմունքի:
Օրինակ՝ լսարաններ կային, որոնք ես չէի կարող բարձրանալ հատուկ հարմարությունների բացակայության պատճառով, և դասախոսները դրական խտրականություն էին դնում՝ ասելով․« Դու կարող ես չգալ դասերին, մենք կնշանակենք քո գնահատականը»:
Բայց չէ՞ որ ես եկել էի համալսարան սովորելու համար, ոչ թե գնահատական նվեր ստանալու:

Ինչ-որ բան փոխվե՞լ է այս տարիների ընթացքում:

Բավականին: Եթե իմ դասընկերների ծնողները և ուսուցիչները հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ կարծրատիպային մոտեցում ցույց չտային, չասեին՝ «իրենից զգույշ եղեք», «իր կողքը մի նստեք», «իր հետ մի շփվեք», ապա իմ դասընկերներն ավելի արագ կադապտացվեին իմ ներկայությանը, չէին գիտակցի իմ տարբեր լինելն ու ավելի շուտ կընկերանայինք:

Հիմա ի տարբերություն 10 տարի առաջվա շատ բան է փոխվել:

10 տարի առաջ, եթե ես դուրս գայի փողոց, մարդկանց կողմից «շոկահարված» արտահայտություններ հաստատ կլսեի, օրինակ՝ «Աստված իմ», «թու թու թու», շորը կկծեին և այլն: Հիմա, իհարկե, այդպես չէ:

Ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը:

Իմ ամենամեծ ձեռքբերումը՝ ընտանիքս է: Ես սահմանափակ կարողություններով չեմ, այլ այլընտրանքային հնարավորություններով: Այլ մայրիկների պես նույն խնամքը տալիս եմ իմ բալիկին, բայց այլընտրանքային տարբերակներով:
Նույնիսկ տղաս իմ դասընթացներից ֆիքսել էր, որ չի կարելի հաշմանդամություն ուենցողի անվասայլակը վերցնել կամ տեղափոխել, և հիմա, երբ տանը մեկը շարժում է այն, նա ջղայնանում է, արգելում է:

Բացարձակ լիարժեք ընտանիք ենք:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, եթե մարդկանց համար ստեղծված են հարմարավետ ապրելու բոլոր պայմանները:

Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ